image description
  •  576799 դիտում
21 Դեկտեմբեր 2023

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻՆ ԵՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻՆ ԵՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

  «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում, Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերից ձևավորված խմբերի հետ, 2022 թվականի ապրիլի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեցին հեռավար 7 սեմինար-պարապմունքներ՝ դասագրքերի որակական բնութագրիչների և չափանիշների վերաբերյալ:  

  Սեմինարները վարել է Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը:

  Սեմինարների նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա դասագրք(եր)ին ներկայացվող որակական այն պահանջներին, որոնք հատկանշական են ուսումնական բոլոր առարկաների դասագրքերի համար, այդ պահանջներին համապատասխան մշակված չափանիշների և որակական բնութագրիչների ընդհանրական ցանկին, ինչպես նաև ուսուցիչների մոտ զարգացնել հմտություններ ու կարողություններ՝ առարկաների և կրթական աստիճանների առանձնահատկություններից ելնելով դասագրք(եր)ի համար ընտրել, լրամշակել կամ ձևավորել նոր չափանիշներ և բնութագրիչներ:

  Սեմինարների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են դասագրքերի բովանդակությանը և բովանդակության արտահայտման եղանակին ու ձևին՝ դասագրքի մեթոդական ապարատին, շարադրման լեզվին ու ձևավորմանը վերաբերող չափանիշներն ու դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող բնութագրիչները, տրվել են դրանց պարզաբանումներն ու մեկնաբանումները:

  Ուսուցիչների համար պարզաբանվել է, որ այդ չափանիշներն ու բնութագրիչները ուղղորդող և կողնորոշող դեր ունեն դասագիրք ստեղծող հեղինակների ու հրատարակիչների, ինչպես նաև դրանց որակը գնահատող փորձագետների համար:   Ներկայացվել են նաև մրցույթում ներկայացված դասագրքերի գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը, գնահատման ընթացքում հաշվի առնվող գործոնները, ինչպես նաև՝ դասագրք(եր)ում նշված բնութագրիչների առկայության չափին համապատասխան տրվող միավորները:

  Տեսական նյութերի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ, մտքերի փոխանակում, հարցուպատասխան ներկայացվող նյութի և ուսուցիչներին հետաքրքրով հարակից թեմաների, հարցերի շուրջ:

  Ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ դիտարկումներ և պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

Կիսվել: